Search
  • Karen Atalyants

SAT քննության ժամանակ հաշվիչի օգտագործման մասին

Բարև։ Բոլորին պարզ է, որ ցանկացած մաթեմատիկայի դասընթացի ժամանակ կարելի է օգտագործել հաշվիչ։ Դա ոչ միայն հարմար է բազմաթիվ պատճառներով, այլ նաև հաճախ անխուսափելի։ 


Այսօր կխոսենք SAT քննության ժամանակ հաշվիչների վերաբերյալ կանոնների մասին։ Այս հոդվածում նաև քննությանը պատրաստվող ուսանողների հետ մի քանի խորհրդով կկիսվեմ ։ 



SAT քննությունը անցկացվում է ամերիկյան College Board կազմակերպության կողմից։ Հենց այդ կազմակերպությունն է մշակում ու վերահսկում քննության անցկացման կարգին վերաբերող բոլոր կանոնները՝ սկսած նրանից, թե ժամը քանիսին է անհրաժեշտ ներկայանալ քննության անցկացման վայր, ու վերջացրած նրանով, թե,  օրինակ, ի՞նչ տեսակի հաշվիչ է թույլատրվում ներս տանել քննության սենյակ ու երբ է կարելի այն օգտագործել։ 


Սկսեմ նրանից, որ SAT մաթեմատիկայի քննությունը բաղկացած է երկու բաժնից՝

  • 3 - No calculator

  • 4 - Calculator


SAT փորձնական թեստի գրքույկ - պատասխանների ձևաթղթի հետ

Այդ երկու բաժինները, ըստ հերթականության, քննության սկզբից երրորդն ու չորրորդն են (առաջին երկուսը վերաբերում են լեզվական մասին՝ անգլերենի իմացությանը)։



Երրորդ բաժնի առաջին էջի տեսքը

3 - No Calculator

Չնայած նրան, որ 3 - No Calculator-ը քննության մաթեմատիկայի բաժին է, հաշվիչ օգտագործելն արգելված է։ Չի թույլատրվելու հաշվիչ ունենալ նույնիսկ սեղանին դրված. կազմակերպիչներն այս բաժնի սկզբում  պահանջելու են, որ բոլոր հաշվիչները դրվեն գետնին կամ անհատական սեղանի դարակի մեջ։ Սա վերահսկվելու է նաև այս բաժնին տրամադրված բոլոր 25 րոպեների ընթացքում։ Եթե ուսանողն այս բաժնի ընթացքում օգտագործի հաշվիչ, ապա նրա քննությունը կընդհատեն։ 




Չորրորդ բաժնի առաջին էջի տեսքը

4 - Calculator


Անցնենք չորրորդ բաժնին՝ 4 - Calculator։ Այս բաժնի ընթացքում հաշվիչ օգտագործելը թույլատրվում է։ 


Ինչպես գիտեք, հաշվիչները շատ տարբեր ձևերի ու հնարավորությունների են լինում։ 


Նախ նշեմ, որ ոչ մի տեսակի հեռախոս, կամ wearable tech, ինչպիսին է, օրինակ, Apple Watch-ը կամ ցանկացած fitness tracker, չի թույլատրվում ներս տանել քննության անցկացման սենյակ։ Կազմակերպիչները մանրամասն կներկայացնեն դրան վերաբերող բոլոր կանոնները քննության ժամանակ։

Քննության ժամանակ հեռախոսներն արգելված են

Ինչպիսի հաշվիչներ են թույլատրվում քննության ժամանակ.


  • Բոլոր տեսակի պարզ հաշվիչները. այսպես կոչված four-function հաշվիչները, որոնք կատարում են ընդամենը 4 հիմնական գործողություն՝ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում։ 

  • Ցանկացած scientific տեսակի հաշվիչ. սրանք ավելի հզոր ու բարդ հաշվիչներ են, որոնք թույլ են տալիս հեշտորեն ու արագ կատարել գործողություններ, ինչպիսին են՝ թվի ցանկացած աստիճան կամ արմատ հաշվելը մեկ գործողությամբ, եռանկյունաչափական ֆունկցիաների հաշվարկները ու բազմաթիվ այլ։ Խորհուրդ է տրվում ամբողջ ուսման ու հենց քննության ժամանակ օգտագործել այսպիսի հաշվիչ։ Օգտագործման մեջ պահանջում են մի փոքր փորձ, սակայն անհամեմատ ավելի օգտակար ու արագ են սովորական հաշվիչների համեմատ։ 

  • Graphing տեսակի հաշվիչների մեծամասնությունը. սրանք ամենաբարդ տեսակի հաշվիչներն են։ Բացի scientific հաշվիչի հիմնական գործառույթներից, թույլ են տալիս կառուցել ֆունկցիաների գծագրեր (ունեն դրա համար հարմար էկրան)։ Համեմատաբար բարդ են օգտագործման մեջ ու պահանջում են որոշակի փորձ։ Եթե երբեք չեք օգտագործել, խորհուրդ չի տրվում։ Կիրառման տեսանկյունից ոչ մի առավելություն չունեն scientific հաշվիչների համեմատ։

Graphing տեսակի հաշվիչի օրինակ


Ինչպիսի հաշվիչներ չեն թույլատրում.


  • Ցանկացած հեռախոսի կամ էկրանով ժամացույցի հաշվիչ ծրագիր՝ անկախ ամեն ինչից։ Կազմակերպիչները խստորեն կատարելու են անցկացման պահանջները. մի՛ տարեք հեռախոս կամ սարք քննության անցկացման սենյակ։

  • Հաշվիչներ, որոնք ունեն համակարգչի ստեղնաշար. անկախ հաշվիչի հնարավորություններից՝ նման ստեղնաշարով ոչ մի հաշվիչ չի թույլատրվելու։ 

  • Հաշվիչներ, որոնք ունեն ինտերնետի կամ bluetooth կապի հնարավորություն:

  • Հաշվիչներ, որոնք աղմուկ, ձայներ են արձակում:

Պարզ և Scientific տեսակի հաշվիչների օրինակներ

Four-function ու scientific հաշվիչների տարբերությունների մասին


Ինչպես նշեցի, scientific հաշվիչներն ամենահարմարն են SAT քննության համար ու ավելի պարզ հաշվիչների հանդեպ ունեն լուրջ առավելություններ.


  • Կարող են հաշվել եռանկյունաչափական ֆունկցիաներ։ Օրինակ՝ ինչ-որ խնդրի լուծման համար կարող է պահանջվել հաշվել Sin45. scientific հաշվիչով կտևի մի քանի վարկյան, իսկ պարզ հաշվիչով հնարավոր չէ։ 

  • Կարող են հաշվել թվի ցանկացած աստիճան։ Օրինակ՝ պետք է հաշվել $10000 տարեկան 7.5%-ով ավանդը 13 տարի հետո որքան գումար կկազմի։ Scientific հաշվիչով դա մեկ գործողություն է՝ նախ մուտքագրվում է գումարը, հետո բազմապատկվում 1.06-ի 13 աստիճանով։ Այսինքն, մուտքագրվում է այսպես 10000*(1.0613) ու հավասարի կոճակի սեղմման պահին ունենք արդյունքը։ Պարզ հաշվիչով պետք է 13 անգամ բազմապատկել 10000-ը 1.06-ով։ Լավագույն դեպքում դա կխլի մոտ կես րոպե։

Վերոնշյալները ոչ բոլոր իրավիճակներն են, որտեղ scientific հաշվիչը առավելություն է տալիս։ Ավելին, հմուտ օգտագործողը մի քանի խնդիրների ընթացքում կտնտեսի թանկարժեք վարկյաններ ու առավելություն կստանա։ 



Խորհուրդներ՝ դասընթացների ու քննության ժամանակ հաշվիչների օգտագործման վերաբերյալ



Դպրոցում հաճախ չէ, որ աշակերտներն օգտագործում են scientific հաշվիչ։ Որպես կանոն, մեծամասնությունը սովոր է օգտագործել իր հեռախոսը։


1. Եթե սկսում եք հաճախել SAT քննության պատրաստության դասընթացների, առաջին իսկ օրվանից դադարեք օգտագործել ձեր հեռախոսը հաշվարկների համար։ Խնդիրը նրանում է, որ վաղ թե ուշ յուրաքանչյուր ուսանող սկսելու է օգտագործել հաշվիչ հեռախոսի փոխարեն, սակայն որքան ուշ տեղի ունենա այդ փոփոխությունը, այդքան քիչ ժամանակ ունի նա հաշվիչն օգտագործելու մեջ հմտանալու համար։ Առաջին հայացքից լուրջ խնդիր չէ։ Սակայն պետք է հիշել, որ յուրաքանչյուր վրիպակ թանկարժեք վարկյաններ ու միավորներ է խլելու ձեզանից քննության ժամանակ։ Վատագույն դեպքն էլ այն է, որ մինչև քննության օրը ուսանողն օգտագործի իր հեռախոսը, իսկ քննության ժամանակ ստիպված սկսի օգտագործել հաշվիչ։ Սա լուրջ խնդիր է, քանի որ քննության ժամանակ առանց դրա էլ առկա է լարվածություն։ Երբ նոր գործիք ես օգտագործում, ժամանակ է պետք դրան ընտելանալու ու հմտանալու համար։ Քննության ընթացքում այդ ժամանակն ուղղակի չկա։

2. Ոչ բոլոր հաշվարկներն արեք հաշվիչով։ Մտքում հաշվարկներ անելը հեշտ չէ, սակայն փորձ ու հմտություն ունենալու դեպքում կարող եք բազմաթիվ պարզ հաշվարկներ անել մտքում, ինչը ժամանակ կխնայի։ Երբ սկսում եք պատրաստվել քննությանը, ու դեռ շաբաթներ կան առջևում, փորձեք պարզ հաշվարկներն անել մտքում ու ստուգեք ինքներդ ձեզ հաշվիչի օգնությամբ։ Ժամանակի հետ կգա վստահություն, ու շատ դեպքերում կկարողանաք խուսափել հաշվիչ օգտագործելուց։

Եթե չունեք այդ փորձն ու հմտությունը, բնականաբար, մտքում հաշվարկներ անելը խորհուրդ չեմ տալիս։ 

3. Քննության ժամանակ խնդիրները կարդալիս արագ նշումներ արեք, կամ ընդգծեք կարևոր բառեր կամ թվեր։ Մարդու ուշադրությունն ու կենտրոնացումը թուլանում են երկարատև լարվածության ժամանակ։ Հաճախակի, փորձնական թեստերի ժամանակ, նույնիսկ ամենապատրաստված ու հմուտ ուսանողները թույլ են տալիս վրիպակներ՝ թիվը սխալ են կարդում կամ հիշում, թիվը սխալ են մուտքագրում հաշվիչի մեջ և այլն։ Որոշ պահերին ուշադրության թուլացումը մարդու բնույթի մաս է։ Նույնիսկ հաշվիչը չի օգնի, եթե մուտքագրված թիվը արդեն իսկ սխալ է։ Սակայն մենք կարող ենք օգնել ինքներս մեզ՝ ավելի ակնհայտ, ավելի ընթեռնելի դարձնել խնդրի պայմանները, որը հետևանքով վրիպակի հավանականությունը կիջնի։

Ավելին, նույնիսկ 4-րդ բաժնում կան դիտավորյալ շատ պարզ խնդիրներ, որոնք հաշվիչով լուծելն ավելի ժամանակատար է, քան պարզապես մտքում կամ նշումների միջոցով։ Ուսանողը պետք է նկատի, որ խնդիրը հեշտ է ու իմաստ չկա հաշվիչ օգտագործելու։ Այն ուսանողները, որոնք դա կնկատեն, ժամանակային առավելություն կստանան։

3. Քննությանը մի տարեք հաշվիչ, որին սովոր չեք, երբեք չեք օգտագործել կամ որը լրիվ նոր է։ Դա միայն կխանգարի ու կարող է լուրջ խնդիր դառնալ՝ քննության լարվածության հետ համադրվելով։ Լրիվ նոր հաշվիչը, որը դեռ փորձված չէ, կարող է գործարանային խոտան ունենալ ու պարզապես չաշխատել։ Հաշվիչը, որին սովոր չեք, կարծես մեքենա է, որը վարել չգիտեք. այնքան էլ օգտակար չէ։ 

4. Միշտ սևագրեք ու նշումներ արեք թղթի վրա։ Մի վստահեք այդ կարճ ժամանակում ձեր տեսողական հիշողությանը, միշտ ստուգեք մուտքագրվելիք թվերը։ Սա կօգնի նվազեցնել վրիպակները, որոնք նույնիսկ հաշվիչի առկայությունը չի կարող բացառել։


Հաշվիչների վերաբերյալ պաշտոնական կանոններին ծանոթացեք այս հղումով։



Հաշվիչը շատ իրավիճակներում հեշտացնում է աշխատանքը։ Սակայն քննությանը գրանցվելիս պետք է պատրաստ լինել բոլոր այն գործոններին, որոնք կարող են խանգարել, ոչ արդյունավետ դարձնել դրա օգտագործումը, կամ ընդհանրապես իմաստազրկել, ինչպես, օրինակ, սխալ թվերի մուտքագրումն է։ Միաժամանակ պետք է սթափ գնահատել մեր առօրյայում հեռախոսների բացասական ազդեցությունը. սովորեք հաշվել մտքում, ինչը չեք կարող՝ վստահեք հաշվիչին։ 



18 views

Karen Atalyants. 2020. All content is my own. All rights reserved.